Pages

Friday, 7 March 2008

Well known photojournalist Gagik Shamshyan describes his 1st March ordeal in Yerevan


Gagik Shamshyan, well known photojournalists from pro-opposition Aravot and Chorrord Ishkhanutyun newspapers describes his ordeal on 1st March when while carrying out his professional duties, he got detained, severely beaten up, physically and verbally assaulted by police. Only personal interference by Armenia’s Human Rights Ombudsman Armen Harutyunyan prevented further assaults.

*via Zhamanak

Պատմում է «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը

Նպատակս գարնան առաջին օրը Ազատության հրապարակում մեր ժողովրդին լուսանկարելն էր: Ակնկալիքներս այլ էին. կամենում էի Շարժումը եւ գարնան առաջին օրվա ուրախ տրամադրությունների զուգակցումը ներկայացնել նախեւառաջ պարբերականներին, ապա` հանրությանը: Սակայն օրը մղձավանջային դարձավ: Ոստիկանության հատուկ ստորաբաժանումները առավոտ կանուխ անակնկալ հարձակվեցին ժողովրդի վրա: Մարդիկ իրենց պետության, իշխանությունների կողմից այդպիսի բիրտ վերաբերմունք չէին սպասում: Իրարանցում սկսվեց: Ես գտնվում էի Կարապի լճի շրջակայքում: Ոստիկանության բարձրաստիճան չինովնիկը ամենավերջին հայհոյանքներով ասաց.

- Այնպես խփեք, որ հետքեր չլինեն:
- Ես լրագրող եմ, իմ աշխատանքն եմ անում:
Բարձրաստիճան մեկ այլ սպա գոռաց.
- Խառը վախտ ա, աչքը հանեք, սա մեր կյանքը կերել ա:

Նրանց ավելի էին կատաղեցնում իմ բջջային հեռախոսի մուտքային արձագանքները` Բեթհովենի «Հաղթական սիմֆոնիայից» եւ «Պայքար, պայքար մինչեւ վերջ»-ը: Ձեռքերս ոլորեցին, ձեռնաշղթաներ հագցրին եւ աքացիով ինձ գետնին գլորեցին, բերանքսիվայր պառկած էի շուրջ 20 րոպե. ոտքերով հարվածում էին` միաժամանակ լկտի հայհոյում թե ինձ, թե թերթերի խմբագիրներին: Ծեծելուց հետո ինձ գցեցին ճաղապատ ոստիկանական մեքենան եւ ասացին, որ տանում են Երեւանի ոստիկանություն: Ազատության հրապարակից դուրս գալիս` ժամը 8 անց 6 րոպեին, մեքենայից նկատեցի «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներ Հովհաննես Շողիկյանին եւ Ռուզան Խաչատրյանին: Հրապարակում իսկական քաոս էր, բառերով դժվար էր ներկայացնել այդ դժոխքը:

Ոստիկանության Կենտրոնի բաժնում ինձ հետ ավելի զուսպ վարվեցին: Ինձ ուզում էին տեղափոխել ոստիկանության` Քանաքեռ- Զեյթունի բաժին, կարողացա կապվել Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի, ինչպես նաեւ իմ գործընկերների հետ: Այս բաժնում ես ոչ մի փաստաթուղթ չստորագրեցի, իսկ օմբուդսմենի ներկայությունը ինձ ազատեց հետագա բռնություններից: Այդուհանդերձ ինձ վրա հոգեբանական ճնշում էին գործադրում: Հետաքրքիր էր այն, որ Քանաքեռ-Զեյթունի ոստիկանական բաժնում Արմեն Հարությունյանի աշխատանքները խոչընդոտեցին, որի մասին նա փաստել է իր համապատասխան զեկույցներում: Ինձ օգնության հասավ նաեւ փաստաբան Սեդա Սաֆարյանը:

Պատմում է փաստաբանը:
- Մենք հասանք այն պահին, երբ Գագիկ Շամշյանի վիճակը շատ վատ էր. նրան լավ ծեծել էին: Գոտկակապից կռահել էին, որ նա ունի երիկամների հետ կապված խնդիրներ` մարմնի հատկապես այդ մասին էին շատ հարվածել: Նա շտապ բուժօգնության կարիք ուներ: Մենք ոստիկանապետին փորձեցինք համոզել, որ իրավական հիմքեր չկան Գագիկ Շամշյանին բաժնում պահելու, բացի այդ` առողջական վիճակը վատ է: Մի խոսքով, ոստիկանապետն էլ չգիտեր` ինչ աներ, քանի որ այլ հրահանգ էր ստացել: Ամեն դեպքում մեզ հաջողվեց նրան տեղափոխել հիվանդանոց:

Գագիկ Շամշյանը պատմում է, որ իր ձեռքից խլել են Sony տեսակի թվային ապարատը, իսկ Քանաքեռ-Զեյթունի բաժնում ապարատի մարտկոցը եւ ֆլեշները: Օմբուդսմենի ներկայությունը օգնեց` կանխելու հետագա բռնի գործողությունները, այդուհանդերձ ոստիկանները զգաստացան: Իմ ահազանգերին արձագանքեցին նաեւ «Հայելի» ակումբի նախագահ Անժելա Թովմասյանը, ինչպես նաեւ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Կարինե Քալանթարյանը, որոնց չեն թողել ներս մտնել ոստիկանության բաժին` խոչընդոտելով կատարելու իրենց լրագրողական պարտականությունները: Նրանք մի քանի ժամ սպասել են:

Խմբագրությունը մարտի 5-ին դիմեց մարդու իրավունքների պաշտպանին` զբաղվելու ապարատը վերադարձնելու խնդրով: Արմեն Հարությունյանը խոստացավ խորհրդակցելուց հետո զբաղվել այդ հարցով:

No comments: